«Բարսելոնան» վստահ է, որ կկարողանա երկարաձգել պայմանագրերը թիմի առանցքային երեք ֆուտբոլիստների հետ

«Բարսելոնան» վստահ է, որ կիսապաշտպաններ Գավին և Պեդրին կերկարաձգեն ակումբի հետ իրենց պայմանագրերը, որոնք ավարտվում են 2026 թվականի ամռանը։ Կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններն ավելի բարդ ռեժիմով են ընթանում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ մինչ Գավին և Պեդրին ցանկություն են հայտնել վերստորագրել պայմանագիրը, Արաուխոն դեռևս չի պատասխանել կատալոնական ակումբի առաջարկին, որը ստացել էր մի քանի ամիս առաջ։

Սակայն երկու կողմերի ներկայացուցիչները նախատեսում են հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ։ «Բլաուգրանայի» ճամբարը դրական արձագանք է ակնկալում ֆուտբոլիստից։

Հիշեցնենք, որ Արաուխոյի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նույնպես ավարտվում է 2026 թվականի ամռանը։