Լիոնել Մեսսին պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստվում է մարզիչ դառնալ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ չի ցանկանում ապագայում որպես մարզիչ աշխատել։ Սակայն, ըստ ֆուտբոլիստի, ինքը դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու խաղային կարիերայի ավարտից հետո։

«Ես չէի ցանկանա մարզիչ լինել, բայց դեռ վստահ չեմ, թե ինչով կուզենայի զբաղվել ապագայում։ Ես շատ ավելի եմ գնահատում այն ​​ամենը, ինչ անում եմ առօրյա կյանքում, քան նախկինում, ուստի մտածում եմ միայն խաղալու, մարզվելու և զվարճանալու մասին»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

2023 թվականի հուլիսին Մեսսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ինտեր Մայամի»։ Ընդհանուր առմամբ, 37-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում ամերիկյան թիմի կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 33 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։