Լոնդոնի «Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» մարզչական վերադասավորումների մասին։ Մանկունիացիների ղեկավարները որոշել են աշխատանքից հեռացնել Էրիկ տեն Հագին: Ժամանակավոր մարզիչ է նշանակվել Ռուդ վան Նիստելրոյը, ով կգլխավորի թիմը Լիգայի գավաթի՝ «Լեսթերի» դեմ առաջիկա խաղում, որը կկայանա չորեքշաբթի օրը։
Պրեմիեր Լիգայում «Յունայթեդը» կհյուրընկալի «Չելսիին», իսկ գխավոր մարզիչ կարող է նշանակվել Ռուբեն Ամորիմը՝ Լիսաբոնի «Սպորտինգից»:
«Կարծում եմ՝ Ռուբենը կմարզի «Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսիի» դեմ խաղում։ Նա իմ ընկերն է, մենք միասին խաղացել ենք և դեռ կապ ենք պահպանում։ Կարծում եմ՝ նա կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ մարզիչը»,- իտալացու խոսքերն է մեջբերում լրագրող Սքոթ Թրոթերը։
«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել Ռուբեն Ամորիմի պայմանագիրը։ «Սպորտինգը» կստանա մոտ 10 միլիոն եվրո փոխհատուցում։