Խավիեր Տեբաս․ «Ես «Ռեալի» երկրպագու եմ»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» որոշումը՝ իր ներկայացուցիչներին «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը չուղարկելու վերաբերյալ։

Լրատվամիջոցները հայտնում էին, որ Արքայական ակումբի այս որոշումը պայմանավորված է այն տեղեկությունով, որ հայտնի է դարձել, թե մրցանակը ստանալու է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռոդրին, այլ ոչ թե Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Եվ այդպես էլ եղավ։

«Ես «Ռեալի» երկրպագու եմ։ Այս ակումբի ամենակարևոր արժեքներն են ջենթլմեն լինելը և ձեռք սեղմելը, երբ պարտվում ես։ Կարծում եմ՝ «Ռեալը» վաղուց կորցրել է այդ ոգին։ Նրանք պետք է գնային արարողությանը և կասկածի տակ չդնեին France Football-ի համակարգը, որը թափանցիկ է և որում քվեարկում է 100 լրագրող։

Մադրիդի «Ռեալի» զոհաբերությունն ավելորդ է և չափազանցված։ Ես չգիտեմ, թե ուր են ուզում գնալ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում AS-ը։