Կառլո Անչելոտտի. «Արդյունքը չի արտացոլում այն, ինչ տեսանք խաղադաշտում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը։

«Չեմ ափսոսում իմ խաղային պլանի համար: Ես ֆուտբոլում եմ արդեն 48 տարի, ուստի չեմ սխալվի, եթե ասեմ, որ առաջին խաղակեսը լավն էր։

Այս խաղը տարբերվում է «Լիլից» մեր պարտությունից: Այդ օրը մենք շատ վատ էինք։ «Ռեալն» այսօր մրցունակ էր:

Մինչև գոլը հավասար հանդիպում էր, մենք հնարավորություններ ունեինք, չնչին բաների պատճառով գոլ չխփեցինք, մի փոքր բախտը մեզ պակասեց։ Երբ երկու րոպեում երկու գոլ խփեցին, խլեցին մեր ողջ էներգիան։

Մենք ռիսկի դիմեցինք, իսկ նրանք տարածք ունեին: Արդյունքը չի արտացոլում այն, ինչ տեսանք խաղադաշտում։ Նրանք արժանի էին հաղթանակի իրենց արդյունավետության շնորհիվ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

«Բարսելոնան» վաստակեց 30 միավոր և ամրապնդեց առաջատարը Իսպանիայի առաջնությունում։ Մադրիդի «Ռեալը» 24 միավորով երկրորդ տեղում է։