Ժոզե Մոուրինյոն հայտնել է, թե ինչպիսի թիմ է ցանկանում գլխավորել

«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է ապագայում Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալու պատրաստակամության մասին։

Այս տարվա ամառվանից մասնագետը գլխավորում է «Ֆեներբախչեն»։ Հինգշաբթի օրը թուրքական թիմը Եվրոպայի լիգայում ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Հանդիպման ավարտից հետո Մոուրինյոն քննադատել է մրցավար Կլեման Տուրպենին, ով նրան հեռացրեց խաղադաշտից 59-րդ րոպեին, և ֆրանսիացուն հեգնանքով անվանեց «աշխարհի լավագույն մրցավարներից մեկը»։

«Կարծում եմ՝ լավագույն բանը, որ կարող եմ անել «Ֆեներբախչե»-ից հեռանալուց հետո՝ գլխավորել մի ակումբ, որը չի մասնակցում ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին: Այնպես որ, եթե երկու տարի անց Պրեմիեր լիգայի աղյուսակի ստորին հատվածից որևէ մեկը մարզիչի կարիք ունի, ապա ես պատրաստ եմ»,- 61-ամյա մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ պորտուգալացին արդեն աշխատել է «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Տոտենհեմում»: