Հանս-Դիտեր Ֆլիկը միտումնավոր թույլ չտվեց Ֆրենկի դե Յոնգը խաղադաշտ դուրս գա «Սևիլիայի» հետ խաղում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում (5։1) մնացել է պահեստայինների նստարանին ոչ իր ֆիզիկական պատրաստվածության պատճառով, հայտնում է RAC1-ը։

Հոլանդացի կիսապաշտպանը վերջերս է ապաքինվել վնասվածքից և «Ալավեսի» հետ նախորդ հանդիպմանը (3։0) խաղացել է 9 րոպե։ Նա ընդգրկված էր «Սևիլիայի» դեմ խաղի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։

Խաղից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, որ Դե Յոնգը որոշակի անհարմարություն է զգում։ Սակայն, ըստ աղբյուրի, գերմանացի մասնագետը դիտմամբ ֆուտբոլիստին թողել է պահեստայինների նստարանին, քանի որ դժգոհ է եղել նրա պահվածքից, մինչդեռ ֆուտբոլիստի և մարզչի միջև տեղի ունեցածի մանրամասները մնում են անհասկանալի։