«Նապոլիի» նախագահը անդրադարձել է Խվիչա Կվարացխելիայի ապագային

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է թիմի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։

«Խոսքը Կվարացխելիայի հետ պայմանագիրը երկարաձգե՞լն է։ Մեր ֆուտբոլիստները կմնան «Նապոլիում», քանի դեռ մենք ցանկանում ենք»,- Դե Լաուրենտիսի խոսքերը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա Խվիչա Կվարացխելիայի գործակալը նեապոլիտանական ակումբի ղեկավարությունից պահանջում է 8 մլն եվրո՝ որպես նոր պայմանագրով վրացի ֆուտբոլիստի աշխատավարձ։

Կվարացխելիայի գործող պայմանագիրը իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։