Ինյակի Պենյա. «Վոյցեխ Շչեսնին ֆենոմեն է»

«Բարսելոնայի» դարպասապահ Ինյակի Պենյան խոսել է դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ մրցակցության մասին։

34-ամյա լեհը կարիերան ավարտեց անցած ամառ, սակայն հոկտեմբերի սկզբին պայմանագիր ստորագրեց կատալոնական ակումբի հետ՝ թիմի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի լուրջ վնասվածքից հետո։

«Վոյցեխ Շչեսնին ֆենոմեն է։ Մենք գիտենք, որ նա մեծ փորձ ունեցող դարպասապահ է, ով Չեմպիոնների Լիգայի մակարդակով խաղացել է եվրոպական շատ թիմերում։ Նա մեզ կօգնի։ Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա մենք մարզվում ենք լավագույնս, որպեսզի մարզիչը մեզ հնարավորություն տա։ Նա որոշումներ է կայացնում։ Այսօր իմ հերթն է խաղալու։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։

Վոյցեխը միացավ մեզ՝ մրցելու և օգնելու։ Ակումբը տեսավ նրա հետ պայմանագիր կնքելու հնարավորություն և արեց դա: Անձնական մակարդակով մենք հիանալի ենք համագործակցում, և ես շատ երջանիկ եմ»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում Esport3-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Պենյան «Բարսելոնայի» 6 խաղում 5 գոլ է բաց թողել։ Շչեսնին դեռ իր նորամուտը չի նշել կատալոնական ակումբի կազմում։