Ռուի Մոտան մեկնաբանել է «Վանի» դեմ ջախջախիչ հաղթանակը

«Նոայի» մարզիչ Ռուի Մոտան մեկնաբանել է «Վանի» դեմ տարած ջախջախիչ հաղթանակը։

«Կարծում եմ՝ շատ լավ խաղ էր: Ըստ իս, մենք շատ դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցինք: Մենք խաղում էինք մի թիմի դեմ, որին ես հաճույքով էի դիտում, քանի որ ցույց էին տալիս շատ լավ ֆուտբոլ: Կարծում եմ՝ առաջնության համար էլ է լավ, երբ երկու թիմերն էլ դիտարժան ֆուտբոլ են ցուցադրում: Անկասկած, մենք վերահսկում էինք խաղը, ինչպես ցանկանում էինք:

Հատկապես մեր գրոհներն ու կոմբինացիները շատ լավ էին ստացվում, տղաներն իսկապես շատ լավ էին գործում և արեցին այն, ինչ մենք նրանց խնդրել էինք ու այս խաղի համար պլանավորել»: – Ռուի Մոտայի խոսքերն է մեջբերում «Նոայի» մամուլի ծառայությունը։