«Լիվերպուլը» հաղթում է արդեն յոթ խաղ անընդմեջ

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Լիվերպուլը» 2։1 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Այսպիսով, մերսիսայդցիները բոլոր մրցաշարերում տարան յոթերորդ անընդմեջ հաղթանակը։

29-րդ րոպեին 11 մետրանոցից անվրեպ իրացրեց «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։ 48-րդ րոպեին «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի գոլային փոխանցումով հավասարեցրեց հաշիվը։ 51-րդ րոպեին «Լիվերպուլի» կիսապաշտպան Կերտիս Ջոնսը Սալահի փոխանցումով առաջ մղեց իր թիմին։

Վերջին անգամ այս թիմերը միմյանց հանդիպել էին այս տարվա փետրվարին՝ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում։ «Լիվերպուլը» հաղթել էր նվազագույն հաշվով։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 21 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը։ «Չելսին» ունի 14 միավոր եւ վեցերորդ տեղում է։