«Չելսիի» կիսապաշտպանը դժգոհ է ստացած խաղաժամանակից

Լոնդոնի «Չելսիի» 26-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն պատրաստ է առաջիկա ամռանը հեռանալ լոնդոնյան ակումբից, եթե չդառնա հիմնական թիմի խաղացող։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստին չի բավարարում պահեստայինի դերը Մարեսկայի թիմում։ Ընդգծվում է, որ Նկունկուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական մի շարք առաջատար ակումբներ։

Այս մրցաշրջանում Նկունկուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 430 րոպե։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: