«Ռեալը» արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Կիլիան Մբապպեի բռնաբարության մեղադրանքների պատճառով

Մադրիդի «Ռեալում» հրատապ խորհրդակցություն է կայացել թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Daily Mail-ը։

Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 14-ին, հայտնի դարձավ, որ Ստոկհոլմի ոստիկանությունը հետաքննություն է սկսել բռնաբարության վերաբերյալ բողոքի առնչությամբ, որն իբր տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ այդ պահին հանգստանում էր Մբապպեն։ Շվեդիայում տուժածը միջադեպի համար մեղադրել է ֆրանսիացի ֆուտբոլիստին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը քննարկել է հարձակվողի շուրջ ստեղծված իրավիճակը։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք ֆուտբոլիստը կմասնակցի թիմի առաջիկա հանդիպումներին։ Մադրիդի «Ռեալը» մինչ այժմ հրապարակավ չի մեկնաբանել այդ հարցը:

Անձամբ՝ Մբապպեն, հերքել է միջադեպին իր մասնակցության մասին տեղեկությունը։ Նրա փաստաբանը հայտնել է, որ ֆուտբոլիստը զրպարտության վերաբերյալ բողոք կներկայացնի:

Ազգերի լիգայում Ֆրանսիայի խաղերի փոխարեն Մբապպեն մեկնել է Ստոկհոլմ։ Ֆուտբոլիստը բաց է թողել ազգային հավաքականի խաղերը Իսրայելի և Բելգիայի հետ։