Պոլ Պոգբան գնահատել է ազգային հավաքական հրավիրվելու իր շանսերը

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով որակազրկում է կրում դոպինգ կիրառելու համար, գնահատել է Ֆրանսիայի հավաքական վերադառնալու հնարավորությունները։

«Իմ նպատակն առաջին հերթին մարզավիճակ ձեռք բերելն է, քանի որ երկար ժամանակ չեմ խաղացել։ Ես պարզապես ցանկանում եմ վերադառնալ խաղադաշտ։ Հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր լավ են հանդես գալիս իրենց ակումբների կազմում, ովքեր լավ են խաղում, և ինձնից է կախված՝ արդյոք ես կարող եմ վերադառնալ», – Պոգբայի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպանը դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է ֆուտբոլիստին չորս տարով որակազրկելու որոշումը։ Այն բանից հետո, երբ դատարանը որոշեց կասեցնել Պոգբային, նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել։

Հոկտեմբերի 7-ին Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) հայտարարեց, որ կրճատել է ֆրանսիացի կիսապաշտպանի որակազրկումը մինչև 18 ամիս։ Այսպիսով, նա կկարողանա վերադառնալ պաշտոնական հանդիպումներին 2025 թվականի մարտին։