Իվան Հաշեկ. «Նման 11 մետրանոցների նշանակումը վնասակար է ֆուտբոլի համար»

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Հաշեկը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ տուրում Ուկրաինայի հետ հանդիպման վերջնական արդյունքը։

«Կարծում եմ, որ ոչ-ոքին արդար արդյունք է այս հանդիպման համար: Չնայած երբեմն մեզ թվում էր, թե արժանի ենք հաղթանակի։ Բարդ հանդիպում էր, շատ լարված, կարծում եմ՝ արժանի էինք մեկ միավորի՝ հաշվի առնելով, որ խաղացինք ֆավորիտի դեմ։

Կարծում եմ՝ նման 11 մետրանոցների նշանակումը վնասակար է ֆուտբոլին»,- Հաշեկի խոսքերն է մեջբերում UAF-ը։

Չեխիայի հավաքականը հանդիպման հաշիվը բացեց 18-րդ րոպեին կիսապաշտպան Լուկաս Ցերվի ջանքերով։ 52-րդ րոպեին ուկրաինացի հարձակվող Արտեմ Դովբիկը իրացրեց Չեխիայի պաշտպան Լադիսլավ Կրեյչիի ձեռքով խաղի համար նշանակված 11 մետրանոցը։