Նեյմարը հայտնել է, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»

«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կարծում է, որ 2023/24 մրցաշրջանի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը պետք է ստանա Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

«Վինիսիուսը պետք է ստանա այդ մրցանակը: Ոչ ոք նրանից ավելի արժանի չէ դրան։

Նա մարտիկ է, նա շատ չարչարվեց իր ողջ կյանքի ընթացքում, նա գերազանցեց բոլոր սպասելիքները, նա հաղթահարեց բոլոր քննադատությունները»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Վինիսիուսը Մադրիդի «Ռեալի» հետ նվաճեց Իսպանիայի առաջնությունը, երկրի Սուպերգավաթը և Չեմպիոնների Լիգան։ Նա մադրիդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 39 խաղում դարձել է 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզի Chatelet թատրոնում։