«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է այն լուրերը, թե մանուկ հասակում երկրպագել է Մադրիդի «Ռեալին»։
«Ես «Ռեալի» երկրպագու՞։ Բացարձակապես ոչ: Նրանք իմ մասին շատ բաներ են ասել, որոնք չեն համապատասխանում իրականությանը, այդ թվում, որ ես նախնական պայմանագիր եմ կնքել իրենց հետ»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Նշենք, որ Անդրես Ինյեստան «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1996-2018 թվականներին: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 674 հանդիպման, որոնցում դարձել է 57 գոլի և 136 գոլային փոխանցման հեղինակ։ Նա հասցրել է խաղալ նաև ճապոնական «Վիսել Կոբեում», որտեղ իսպանացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 134 հանդիպման, դարձել 26 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։