«Յուվենտուսի» պաշտպանը կարող է փոխարինել Դանի Կարվախալին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» 24-ամյա եզրային պաշտպան Անդրեա Կամբիասոյի նկատմամբ, ում «Լոս Բլանկոները» տեսնում են որպես փոխարինող 32-ամյա աջ պաշտպան Դանի Կարվախալին, ով լուրջ վնասվածք էր ստացել և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը սկսել է վերահսկել իտալացի ֆուտբոլիստին դեռևս Կարվախալի վնասվածքից առաջ։

Այս մրցաշրջանում Կամբիասոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: