Հայտնի են Պեպ Գվարդիոլային փոխարինելու գլխավոր թեկնածուների անունները

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն և պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը, ով գլխավորում է «Սպորտինգը», Պեպ Գվարդիոլային փոխարինելու գլխավոր թեկնածուներ են։ Եթե նա որոշի հեռանալ «Սիթիից» այս մրցաշրջանի վերջում, ապա ակումբի ղեկավարությունը կբանակցի այս թեկնածուների հետ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին 53-ամյա մասնագետը դեռ չի հայտնել «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը, թե արդյո՞ք մտադիր է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «քաղաքայինների» նոր մարզական տնօրենը կդառնա Ուգո Վիանան, ով այս պաշտոնը զբաղեցնում է «Սպորտինգում»։ Այս առումով մեծանում են Ամորիմի՝ անգլիական ակումբին միանալու շանսերը։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2016 թվականի ամռանը։