Զլատան Իբրահիմովիչը կհանդիպի «Միլանի» ֆուտբոլիստներին

«Միլանի» խորհրդական Զլատան Իբրահիմովիչը միջազգային դադարի ժամանակ կայցելի թիմի մարզումներին՝ զրուցելու մի շարք ֆուտբոլիստների հետ: Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ Իբրահիմովիչը մտադիր է թիմում վերականգնել լավ մթնոնլորտ Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» հետ 1։2 հաշվով պարտված հանդիպումից հետո, որում մի շարք ֆուտբոլիստներ խախտել են մարզչի ցուցումները։ Սպասվում է, որ Զլատանը նաև կհետևի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի աշխատանքին՝ բարելավելու թիմի խաղը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ռոսոներիների» ղեկավարներին, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային դուր չի եկել, որ «Ֆիորենտինայի» հետ հանդիպման ժամանակ «մանուշակների» նկատմամբ նշանակված երկու 11 մետրանոցներն էլ չի իրացրել հարձակվող Քրիստիան Պուլիշիչը։