«Բարսելոնայի» նոր դարպասապահ Վոյցեխ Շչեսնին բացատրել է, թե ինչու է վերսկսել կարիերան։ 34-ամյա լեհը փոխարինելու է Մարկ-Անդրե տեր Շտեգենին, ով ծանր վնասվածք էր ստացել։
«Եթե մեկ ամիս առաջ ինձ ասեիք, որ խաղալու եմ «Բարսայում», ես երկար կծիծաղեի։ Ես նույնիսկ կծիծաղեի Մարկի վնասվածքից մեկ օր առաջ։ Ես չէի պատկերացնում այդ պահին այո ասել որևէ մարտահրավերի։ Բայց երբ հեռախոսը զանգում է, և դա իրականություն է դառնում, երբ ունես առաջարկներ, և ամեն ինչ կախված է միայն քեզնից, քո որոշումից, ինչպե՞ս կարող ես մերժել այդպիսի առաջարկը։
Ես ինքս ինձ հարցրի. «Կարո՞ղ եմ «Ոչ» ասել «Բարսային»: Եթե «ոչ» ես ասում «Բարսային», նշանակում է, որ համարձակություն չունես նման մարտահրավերի համար։ Կարծում եմ, որ դեռ այն մակարդակի վրա եմ, որտեղ կարող եմ օգնել թիմին, և դրա համար էլ համաձայնեցի», – Շչեսնիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։