Բարսելոնայում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված կատալոնական ակումբի նախկին լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինյեստային։
«Երբեք չէի մտածում, որ այս օրը կգա: Ես երբեք չէի կարող պատկերացնել սա: Վերջին օրերին թափված այս բոլոր արցունքները հույզերի ու հպարտության արցունքներ են և ոչ թե տխրության։
Սրանք այն տղայի արցունքներն են Ֆուենտելբիլյայից, ով ուներ ֆուտբոլիստ դառնալու երազանք և դրան հասավ աշխատանքի, զոհաբերությունների և չհանձնվելու միջոցով: Սրանք են իմ կյանքի հիմնական արժեքները։ Ես շատ հպարտ եմ այս ճանապարհորդությամբ և բոլոր այն մարդկանցով, ովքեր ուղեկցել են ինձ։
Շատ ուրախ եմ, որ իրականացավ իմ երազանքը։ Իմ մարզական կարիերան հեքիաթի էր նման։
Իր կարիերայի ընթացքում Ինյեստան հանդես է եկել «Բարսելոնայում», «Վիսել Կոբեում» և «Էմիրեյթսում»: Կատալոնական ակումբի կազմում կիսապաշտպանը 4 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան, 9 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ՝ երկրի գավաթակիր։
Իսպանիայի հավաքականի հետ Ինյեստան հաղթել է 2010 թվականի աշխարհի առաջնությունում, իսկ 2008 և 2012 թվականներին դարձել Եվրոպայի չեմպիոն։