Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետը կրճատվել է

Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետը 4 տարուց կրճատել է 18 ամսվա, հայտնում է Daily Mail-ը։

Այսպիսով, 31-ամյա ֆրանսիացին կկարողանա խաղադաշտ վերադառնալ 2025 թվականի մարտին։

Փետրվարի 29-ին Պոգբան չորս տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Նրա մարմնում տեստոստերոնի բարձր մակարդակ է հայտնաբերվել։

Սեպտեմբերի վերջին հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» մտադիր է խզել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։

Պոգբան «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է դարձել 2022 թվականի ամռանը։ Նախկինում նա թուրինյան թիմում հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին, սակայն հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» (2016-2022 թթ.):

Ֆրանսիացու պայմանագիրն իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։