«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը։
Հոկտեմբերի 1-ին Transfermarkt պորտալը թարմացրել է Պրեմիեր Լիգայի որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, և 24-ամյա նորվեգացու արժեքը 180-ից հասել է 200 միլիոն եվրոյի։
Նախկինում Հոլանդը վարկանիշի 1-ին գիծը կիսում էր Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուս Ժունիորի, Ջուդ Բելինգհեմի և Կիլիան Մբապպեի հետ։ Նրանց արժեքը առայժմ մնում է 180 միլիոն եվրո, բայց դա կարող է փոխվել հոկտեմբերի 11-ին, երբ Transfermarkt-ը թարմացնի Լա Լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հոլանդը նաև դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, ում արժեքը հասել է 200 միլիոն եվրոյի։ Ավելի վաղ՝ 2018 թվականին, Մբապպեին հաջողվել էր դա անել։
Այս մրցաշրջանում Հոլանդը Անգլիայի առաջնությունում անցկացրած 6 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։