«Յանգ Բոյզի» գլխավոր մարզիչ. «Յամալը հիանալի ֆուտբոլիստ է, նա առանձնահատուկ տաղանդ ունի»

«Յանգ Բոյզի» գլխավոր մարզիչ Պատրիկ Ռամենը կիսվել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ արտագնա հանդիպումից ունեցած ակնկալիքներով ու խոսել մրցակիցների 17-ամյա վինգեր Լամին Յամալի մասին։

«Վերջին տարիներին «Բարսան» միշտ հիանալի, բարձրակարգ թիմ է ունեցել: Ամեն անգամ, երբ նոր մարզիչ է գալիս, ճշգրտումներ են տեղի ունենում: Ֆլիկը լավ է սկսել, և նրանք հիանալի են խաղում, քանի որ նա շատ բարձրակարգ կազմ ունի: Բայց մենք կփորձենք խաղալ մեծ ինտենսիվությամբ։

Յամալը հիանալի ֆուտբոլիստ է, նա առանձնահատուկ տաղանդ ունի։ Այն, ինչ նա հասել է այդքան երիտասարդ տարիքում, բացառիկ է։ Բայց անձնական վերահսկողություն չի լինելու, մենք կփորձենք վերահսկել նրան թիմային գործողություններով:

Մենք պետք է կազմակերպված լինենք»,- Ռամենի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 9 խաղում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին Բարսելոնայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: