Պեպ Գվարդիոլան հայտնել է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ռոդրին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ թիմի իսպանացի կիսապաշտպան Ռոդրին բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, 28-ամյա ֆուտբոլիստը վաղաժամ լքեց խաղադաշտը՝ «Արսենալի» հետ Անգլիայի առաջնության 5-րդ տուրի խաղում (2։2)։ Բժշկական անձնակազմը Ռոդրիի մոտ խաչաձև կապանների վնասվածք է ախտորոշել։

«Նա պատրաստ կլինի հաջորդ մրցաշրջանում։ Ռոդրիի համար ընթացիկ մրցաշրջանը ավարտված է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Ռոդրին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանի վերջում կիսապաշտպանը դարձավ «Ոսկե գնդակի» 30 հավակնորդներից մեկը։