Միկել Արտետա. ««Էթիհադում» 10 ֆուտբոլիստով դիմանալը 56 րոպե անհավանական է»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա ոչ-ոքի (2:2) արդյունքները։

Լոնդոնցիներն առաջ անցան 2։1 հաշվով ու ընդմիջումից առաջ մնացին 10 ֆուտբոլիստով՝ Լեանդրո Տրոսարը երկրորդ դեղին քարտը ստացավ։

«Զինագործները» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրին պաշտպանությունում և գոլ բաց թողեցին հանդիպման վերջին վայրկյաններին։

«Ես շատ հպարտ եմ իմ թիմով: Մենք բարդ միջավայրում խաղացինք աշխարհի լավագույն թիմի դեմ: Այն, ինչ տեղի ունեցավ 2-1 հաշիվից հետո, այլ պատմություն է, և ես չէի ցանկանա մեկնաբանել Տրոսարի հեռացումը:

Ակնհայտ է, որ արդեն իսկ հրաշք էր, որ մենք տասը հոգով «Էթիհադում» դիմացանք 56 րոպե: Այն, ինչ մենք արել ենք, անհավանական է:

Ակնհայտ է, որ ես շատ հիասթափված եմ, որ մենք դիմակայեցինք մինչև 97-րդ րոպեն: Բայց ես աներևակայելի հպարտ եմ իմ տղաներով, ովքեր այսօր այդքան պայքարեցին խաղադաշտում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: