Հայտնի է, թե որ ակումբն է ֆավորիտ Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու պայքարում

Մադրիդի «Ռեալը» ֆավորիտ է Լևերկուզենի «Բայերի» աստղային գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու համար:

Ինչպես հայտնում է Bild-ը, 21-ամյա գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխությունը մադրիդյան թիմ կարող է կայանալ 2025 թվականի ամռանը և «Ռեալին» 150 միլիոն եվրո կարժենա։ Հարկ է նշել, որ տաղանդավոր կիսապաշտպանի ծառայություններով բացի «արքայական» ակումբից, հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»։ Վիրցի գործող պայմանագիրը «դեղագործների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ֆլորիան Վիրցը Լևերկուզենի ակումբի կազմում երեք հանդիպում է անցկացրել Գերմանիայի առաջնությունում, որոնցում խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։