«Կրասնոդարի» և «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է «Լոկոմոտիվի» 25-ամյա ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի նկատմամբ իսպանական «Սևիլիայի» հետաքրքրության մասին։
«Թիկնիզյանը միանշանակ պատրաստ է Լա Լիգայում խաղալու համար։ «Սևիլիայի» հետաքրքրությունը հուշում է, որ Նաիրը բարձր որակավորում ունեցող ֆուտբոլիստ է։ Նրան անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ մեկնել Եվրոպա։
Ֆուտբոլում բազմաթիվ օրինակներ կան, երբ շատ ֆուտբոլիստներ ավելի ուշ տարիքում են բացվում, բայց Թիկնիզյանն այժմ 25 տարեկան է։ Ես կասեի, որ նա դեռ երիտասարդ է և հիմա ճիշտ տարիքն է քայլ առաջ անելու համար։ Կարծում եմ, որ իր խաղային որակներով նա պատրաստ է խաղալ Եվրոպայում»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոն»։ Այս մրցաշրջանում Նաիրը բոլոր մրցաշարերում մասնակցել է յոթ խաղի, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 12 խաղ, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։