Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ ՉԼ պատմության լավագույն ռմբարկուի մրցանակը

Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի մրցանակը։

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը հատուկ մրցանակ է ստացել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինից։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Մոնակոյում, որտեղ տեղի է ունենում Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վիճակահանությունը։

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում անցկացրել է 183 հանդիպում՝ դառնալով 140 գոլի հեղինակ։ Մրցաշարի ռմբարկուների ցուցակում 2-րդ տեղում ընթացող Լիոնել Մեսսին Կրիշտիանուից հետ է մնում 11 գնդակով, իսկ Ռոբերտ Լևանդովսկին 46 գոլով պակաս ունի։