Անտոնիո Կոնտե․ «Նախորդ տուրում ֆուտբոլիստներս ուրվականներ էին»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Ա Սերիայի 2-րդ տուրում «Բոլոնիայի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում նեապոլցիները ջախջախիչ պարտություն կրեցին «Վերոնայից» (0:3):

«Ինձ շատ դուր եկավ թիմի վերաբերմունքը լավ կազմակերպված «Բոլոնիայի» դեմ, որը նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեց: Մենք հաղթեցինք հիանալի մրցակցին, որը պետք է մեզ վստահություն, ինքնավստահություն հաղորդի և մեզ հասկացնի, որ մենք կարող ենք հասնել ամեն ինչի, երբ միասնական լինենք: Սա կարևոր հաղթանակ է։

Ես միշտ ասել եմ, որ հավատում եմ այս տղաներին և կցանկանայի, որ նրանցից շատերը մնան «Նապոլիում»: Նրանք քրտնաջան մարզվում են, ես առաջինն էի, որ հիասթափվեցի «Վերոնայի» խաղից հետո, քանի որ նրանք իրենց ուրվականների տեսք ունեին։

Բարդ շաբաթ էր, բայց դրա ընթացքում կարողացանք էլ ավելի համախմբվել, հասկացանք, որ առանձին-առանձին ոչ մի տեղ առաջ չենք գնա, բայց միասին աշխատելով կարող ենք շատ բանի հասնել։ Սրանք իմ առաջին երեք միավորներն են, ուստի դա հուզիչ է, և մենք պետք է մեզ հետ տանենք այդ ուրախության զգացումը, քանի որ սրանք են այն զգացմունքները, որոնք քեզ առաջ են մղում»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: