Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարություն է արել իր ապագայի մասին։
«Ցանկանում եմ դիմել բելգիացի երկրպագուներին և մեր հավաքականի երկրպագուներին։
Ես մեծ սեր և հպարտություն եմ զգում՝ ներկայացնելով իմ երկիրը խաղադաշտում, ինչպես նաև ձեզնից յուրաքանչյուրին, ով աջակցում է թիմին։ Պատիվ է ազգային մարզաշապիկը կրելը։ Նույնիսկ իմ ամենախելագար երազներում ես չէի պատկերացնում, որ կարող եմ դա անել ավելի քան 100 անգամ։
Ցավոք սրտի, հետևելով մարզչի հետ տեղի ունեցած իրադարձություններին և երկար մտածելուց հետո որոշեցի չվերադառնալ Բելգիայի հավաքական նրա գլխավորությամբ։ Ես ընդունում եմ պատասխանատվության իմ բաժինն այս հարցում։ Նայելով ապագային՝ տեսնում եմ, որ նրա նկատմամբ իմ անվստահությունը չի նպաստի թիմում անհրաժեշտ մթնոլորտի պահպանմանը։
Ֆեդերացիան, ում հետ ես մի քանի քննարկումներ եմ ունեցել, ընդունում է իմ դիրքորոշումը և այն պատճառները, որոնք ինձ տանում են այս ցավալի, բայց հետևողական որոշմանը։ Ես ափսոսում եմ, որ գուցե հիասթափեցրի որոշ երկրպագուների, բայց համոզված եմ, որ սա լավագույն գործողությունն է Բելգիայի համար, քանի որ այն փակում է վեճը և թույլ է տալիս թիմին կենտրոնանալ իրենց նպատակներին հասնելու վրա։ Շնորհակալություն ձեր անմնացորդ աջակցության, սիրո և ըմբռնման համար»,- գրել է Կուրտուան սոցցանցում։