Բրունու Ֆերնանդեշը պատմել է, թե ինչ է պահանջել ակումբից պայմանագիրը երկարաձգելուց առաջ

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը բացահայտել է այն պահանջները, որոնք ներկայացրել է ակումբի ղեկավարությանը նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ։

Նախորդ շաբաթ պորտուգալացի կիսապաշտպանը համաձայնության է եկել «կարմիր սատանաների» հետ մինչև 2027 թվականը։ Համաձայնագրի երկարաձգման մասին հայտարարությունից հետո տված հարցազրույցում 29-ամյա խաղացողը խոստովանել է , որ մտածել է կարիերան շարունակելու այլ տարբերակներ, սակայն տպավորված է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր նախագծով։

«Ակնհայտ է, որ ես չեմ պահանջել, որ նրանք ինձ հաղթանակ խոստանան առաջնությունում»,- բացատրում է «կարմիր սատանաների» առաջատարը, – սա ոչ ոք չի կարող երաշխավորել։ Բայց մենք պետք է ունենանք թիմ, որը կարող է մրցել ամբողջ մրցաշրջանի ընթացքում, պայքարել գավաթների համար և հանդես գալ ամենաբարձր մակարդակով: 

Կարծում եմ՝ ակումբը փորձում է հնարավորինս շատ լավ խաղացողների ներգրավել՝ մրցունակություն ապահովելու համար։ Ես տեսնում եմ, որ անհրաժեշտ ջանքեր են գործադրվում»,- ասել է Ֆերնանդեշը MUTV-ին։