Յան Զոմմերը ավարտել է կարիերան ազգային հավաքականում

Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմմերը ավարտել է կարիերան ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում է Շվեյցարիայի ֆուտբոլի մամուլի ծառայությունը։

«Երկար մտածելուց հետո ես որոշեցի ավարտել կարիերաս ազգային հավաքականում։ Մեծ պատիվ և արտոնություն էր 12 տարվա ընթացքում 94 խաղում ներկայացնել իմ երկիրը միջազգային ամենաբարձր մակարդակով։ Հարևան Գերմանիայում մեկ այլ հիանալի Եվրոպայի առաջնություն ավարտելուց հետո, որտեղ ես անմոռանալի տարիներ եմ անցկացրել Բունդեսլիգայում, եկել է հրաժեշտի ժամանակը։

Ազգային հավաքականի հետ անցկացրած ժամանակն ինձ համար մեծ նշանակություն ուներ։ Ես հպարտությամբ հետ եմ նայում բազմաթիվ անմոռանալի պահերին, հուզիչ հանդիպումներին, հաղթանակներին և մարտահրավերներին, որոնք մենք միասին հաղթահարեցինք։ 15 տարեկանիցս ազգային հավաքականը իմ կյանքի կարևոր մասն է եղել։ Հենց սկզբից՝ Մ16-ից մինչև Մ21՝ 10 տարի ազգային հավաքականի առաջին համար, որի ընթացքում մասնակցել եմ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բոլոր եզրափակիչ փուլերին։ Մենք չորս անգամ հասել ենք 1/8-րդ եզրափակիչ, երկու անգամ՝ քառորդ եզրափակիչ։

Այս հիշողությունները հավերժ հատուկ տեղ կունենան իմ սրտում: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին, ողջ անձնակազմին, մարզիչներին և իհարկե իմ ընտանիքին, իմ անձնական թիմին և շվեյցարացի երկրպագուներին։ Առանց ձեր աջակցության, վստահության և իմ հանդեպ հավատի, այս հաջողությունները հնարավոր չէին լինի։ Դուք միշտ եղել եք իմ մոտիվացիան՝ հասնելու լավագույն արդյունքների»,- ասել է 35-ամյա դարպասապահը։

Զոմմերը իր միջազգային նորամուտը նշեց 2012 թվականի մայիսի 30-ին 23 տարեկան հասակում Օտմար Հիցֆելդի գլխավորությամբ Ռումինիայի դեմ ընկերական խաղում (0։1)։ Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 94 հանդիպում (որոնցից 15-ը՝ ընկերական), բաց է թողել 92 գոլ։ Նա 35 խաղում անառիկ է պահել դարպասը։