Վոյցեխ Շչեսնին կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում

«Յուվենտուսի» և Լոնդոնի «Արսենալի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին մոտ ժամանակներս կարող է պայմանագիր կնքել Իսպանիայի առաջնության ակումբներից մեկի հետ։

Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, 34-ամյա լեհ ֆուտբոլիստը, ով ներկայումս առանց թիմի է, կարող է տեղափոխվել «Վիլյառեալ»: Հարկ է նշել, որ օգոստոսի 14-ին Շչեսնին դարձավ ազատ գործակալ։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Լեհաստանի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբներից մեկում։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Վոյցեխ Շչեսնին «ծեր սինյորայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում Իտալիայի առաջնությունում, որոնցից 16-ում կարողացել է անառիկ պահել դարպասը։ Մինչ այս լեհը հասցրել էր խաղալ «Ռոմայի», Լոնդոնի «Արսենալի» և «Բրենտֆորդի» կազմում։