«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ժոան Գամպերի գավաթի համար «Մոնակոյի» դեմ խաղում իր թիմի կրած խոշոր պարտությունը։
Ֆլիկը Mundo Deportivo-ին ասել է, որ իր ֆուտբոլիստների փոխանցումների արագությունն ու որակը նախկինի պես լավը չէին: Գերմանացի մասնագետը նշել է, որ երկրորդ խաղակեսում կատալոնացիները փորձեցին շտկել իրավիճակը, սակայն չափից շատ անհատական սխալներ թույլ տվեցին։
«Ես գիտեմ, թե ինչպես կարող է թիմն իրականում խաղալ: Վստահ եմ, որ Լա Լիգայի նոր մրցաշրջանի «Վալենսիայի» դեմ առաջին խաղում մենք շատ ավելի լավ կխաղանք»,- ավելացրել է Ֆլիկը։
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» 0։3 հաշվով պարտվել են «Մոնակոյին»։ Ազգային առաջնության նոր մրցաշրջանի առաջին խաղում, որը կկայանա օգոստոսի 17-ին, կատալոնացիները կխաղան «Վալենսիայի» հետ։