«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի հարձակվող Խուլիան Ալվարեսի խոսքերը, ով ավելի վաղ դժգոհություն էր հայտնել ակումբում իր դերից։
«Ես չեմ մտածում Ալվարեսին փոխարինելու մասին։ Գիտեր, թե ինչ է նա ասում և ինչ է մտածում դրա մասին։ Հենց որ նա ավարտի մտածելը, նրա գործակալը կկանչի մարզական տնօրենին, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի։
Գիտեմ, որ նա ցանկանում է խաղալ կարևոր հանդիպումներում, բայց մյուս ֆուտբոլիստները նույնն են ցանկանում։ Մենք ունենք 18 կամ 19 ֆուտբոլիստներ, ովքեր ցանկանում են խաղալ կարևոր հանդիպումներում։
Ես կարդացի, որ նա պետք է մտածի այդ մասին։ Թող նա մտածի այդ մասին, իսկ հետո մեզ ասի, թե ինչ է մտադիր անել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում 90min-ը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն» և ՊՍԺ-ն։
Նախորդ մրցաշրջանում Ալվարեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման, որոնցում դարձել է 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։