«Ատլետիկի» ավագ․ «Նիկո Ուիլյամսի համար լավագույնն տեղը մեր թիմն է»

«Ատլետիկի» ավագ Օսկար դե Մարկոսը խոսել է վինգեր Նիկո Ուիլյամսի հնարավոր հեռանալու մասին։

«Թվում է, որ երբ «Բարսելոնան» ցանկանում է պայմանագիր կնքել քեզ հետ, դու պետք է գնաս, այլապես սխալ կգործես, բայց պետք է հիշել, որ այն ամենը, ինչ փայլում է, ոսկի չէ: Պետք է գնահատել իրավիճակը։ Շուրջը մեծ աղմուկ է։ Թվում է, թե այս ճնշումը կարող է իր ազդեցությունը թողնել խաղացողի վրա, բայց յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի: Նա «Ատլետիկի» խաղացող է, վերջին խոսքը կասի, մենք հավատում ենք, որ նա կմնա մեզ հետ։

Դուք ինքներդ պետք է որոշումներ կայացնեք։ Ես պատկերացում չունեմ, թե ինչի մասին է նա մտածում։ Նրա գլխով հազար անգամ անցել է այս ամենը։ Կարծում եմ, որ նրա համար լավագույնը մնալն է: Նա 22 տարեկան է և ճիշտ տեղում է՝ շարունակելու կատարելագործվել։ Տարեցտարի նա ավելի լավն է դառնում, աշխատում է մարզչի հետ, ով իրենից քաղել է լավագույնը, և ով աշխատելու է ևս մեկ տարի։

Նա ազգային հավաքականի առաջատարներից է, նա լավագույններից մեկն էր Եվրոպայի առաջնությունում, նա ճիշտ տեղում է, նրա եղբայրն այստեղ է… Սա իդեալական վայր է կարիերան շարունակելու համար։ Հուսով եմ, որ նա կմնա, բայց մենք նրան լավագույնից բացի ոչինչ չենք մաղթում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, թե որ ակումբները կպայքարեն Ուիլյամսի հետ պայմանագիր կնքելու համար: