Նոր մանրամասներ են հայտնի դարձել Խվիչա Կվարացխելիայի ապագայի մասին

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան շարունակում է մնալ ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Corriere dello Sport-ին։

Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը Կիլիան Մբապպեի հեռանալուց հետո պատրաստ է ավելի քան 100 միլիոն եվրո վճարել 23-ամյա վրացու համար։

Սակայն անձամբ՝ Խվիչան, պատրաստ է 5 տարվա պայմանագիր կնքել «Նապոլիի» հետ։ Ֆուտբոլիստը տպավորված է թիմի նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեից։ Վինգերը ցանկանում է աշխատել մասնագետի հետ և հասկանում է, որ դա կարող է օգնել իրեն քայլ կատարել իր զարգացման գործում։

«Նապոլին» Կվարացխելիային առաջարկել է նոր պայմանագրով 5 միլիոն եվրոյի մեկնարկային աշխատավարձ, սակայն գումարը կարող է աճել մինչև 7 միլիոն եվրո։ Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։

Վրացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Նախորդ մրցաշրջանում նա 45 խաղում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։