Գարեթ Սաութգեյթ. «Իմ կյանքի պատիվն է եղել խաղալ և մարզել Անգլիայի հավաքականը»

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է իր հեռանալը ազգային հավաքականից։

53-ամյա մասնագետի ինքնակամ հեռանալու մասին հայտարարվել է հուլիսի 16-ին։

«Որպես հպարտ անգլիացի, իմ կյանքի պատիվն է եղել խաղալ և մարզել Անգլիայի հավաքականը: Դա ինձ համար ամեն ինչ էր նշանակում, և ես տվեցի ամեն ինչ: Բայց ժամանակն է փոփոխությունների։ Կիրակի օրը Բեռլինում Իսպանիայի դեմ կայացած եզրափակիչը իմ վերջին խաղն էր որպես Անգլիայի հավաքականի մարզիչ։

Շնորհակալություն Անգլիա, ամեն ինչի համար»,- ասված է Սաութգեյթի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքում։

Սաութգեյթը Անգլիան մարզում է 2016 թվականի սեպտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմը անցկացրել է 102 հանդիպում, տարել 64 հաղթանակ, 20 անգամ ավարտել ոչ-ոքի, 18 հանդիպումներում պարտվել։

Հուլիսի 14-ին Անգլիան EURO-2024-ի եզրափակիչում պարտվեց Իսպանիային (1։2)։