ՊՍԺ-ն կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» 26-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ Այս մասին հայտնում է talkSPORT-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական գրանդը երկար ժամանակ է, ինչ հետաքրքրություն է ցուցաբերում անգլիացի ֆուտբոլիստի նկատմամբ։ Այս հետաքրքրությունն ավելի է սրվել այն պատճառով, որ նախորդ մրցաշրջանի վերջում ՊՍԺ-ից հեռացավ հարձակվող Կիլիան Մբապպեն։
Ընդգծվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի ձգտում վաճառել Ռեշֆորդին, սակայն կդիտարկի այս տարբերակը, եթե նրա համար շահավետ առաջարկ լինի։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։