Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դժգոհ է EURO-2024-ում հարձակվող Օլիվյե Ժիրուի խաղից։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի գլխավոր մարզիչն իր շրջապատին հայտնել է, որ չի հավատում հարձակվողի՝ թիմն ուժեղացնելու կարողությանը:
Ընդ որում, Ժիրուն ինքը չի ցանկանում խնդիր դառնալ թիմի համար և փորձում է բարելավել իր խաղը։ Վերջերս նա ավելացրել է ֆիզիկական ակտիվությունը՝ իր մարզավիճակը բարելավելու համար։
Ժիրուն մասնակցել է EURO-2024-ի երեք հանդիպման, բայց ամեն անգամ փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում։ Նա արդյունավետ գործողություններ չի ցուցաբերել։
Հիշեցնենք, որ Ժիրուն ավելի վաղ հայտարարել էր, որ EURO-2024-ի ավարտին կլքի Ֆրանսիայի հավաքականը։
Ֆրանսիան 1/8-րդ եզրափակչում կմրցի Բելգիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20։00-ին։