Հաքան Չալհանօղլուն անդրադարձել է իր «Բավարիա» հնարավոր տեղափոխությանը

«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն «Բավարիայի» հետաքրքրության մասին լուրերի ֆոնին սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, որում պնդում է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 30-ամյա թուրք ֆուտբոլիստը բանակցություններ է վարում մյունխենյան ակումբի հետ, ինչը դժգոհություն էր առաջացրել ակումբի ղեկավարության մոտ։

«Լրատվամիջոցներում շրջանառվող վերջին լուրերի լույսի ներքո՝ ես կցանկանայի օգտվել այս առիթից և ուղղակիորեն խոսել ստեղծված իրավիճակի մասին: Մինչ այժմ ես ձեռնպահ եմ մնացել լուրերը մեկնաբանելուց, քանի որ կենտրոնացած եմ EURO-2024-ի վրա՝ լինելով Թուրքիայի հավաքականի ավագը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ տեղին է այս պահին հստակ հայտարարություն անել՝ հետագա թյուրիմացությունները կանխելու համար։

Ես շատ երջանիկ եմ «Ինտերում»։ Իմ հարաբերություններն ակումբի և մեր անհավանական երկրպագուների հետ իսկապես յուրահատուկ են: Մենք միասին մեծ հաջողությունների ենք հասել, և ես ոգևորված եմ ապագայում Ինտերի հետ էլ ավելի շատ գավաթներ նվաճելու հեռանկարով:

Եվս մեկ անգամ, ես հիմա ամբողջովին կենտրոնացած եմ իմ երկրում մարդկանց երջանկացնելու վրա: Շնորհակալություն ըմբռնման և աջակցության համար»,- գրել է Չալհանօղլուն, ով միլանյան ակումբում է խաղում 2021 թվականից։