Կիլիան Մբապպե ընկերական խաղում խաղաց դիմակով և դուբլի հեղինակ դարձավ

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն մասնակցել է գերմանական «Պադերբորնի» դեմ ընկերական հանդիպմանը և դարձել երկու գոլի հեղինակ։ Խաղացողը հանդես է եկել հատուկ դիմակով՝ կոտրված քթի պատճառով։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը բաղկացած է եղել երկու խաղակեսից՝ 30-ական րոպեանոց խաղակեսերից, թիմերը խառն են եղել։

Հիշեցնենք, որ Մբապպեն կոտրել էր քիթը Ավստրիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպման ժամանակ, որն ավարտվել էր ֆրանսիացիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Դրանից հետո հարձակվողի համար պատրաստվել է հատուկ պաշտպանիչ դիմակ, որով նա կարող է մասնակցել հանդիպումներին։ Սակայն Հոլանդիայի հետ հանդիպմանը Մբապպեն մնաց պահեստայինների նստարանին։

Երեքշաբթի օրը՝ հունիսի 25-ին, ֆրանսիացիները EURO-2024-ի խմբային փուլի եզրափակիչ հանդիպումը կանցկացնեն Լեհաստանի հետ։