Ադրիեն Ռաբյո. «Նա հիանալի մարզիչ է»

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն մեկնաբանել է Տիագու Մոտային գլխավոր մարզիչ նշանակելու ղեկավարության որոշումը։

Հիշեցնենք, որ ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է հուլիսին, սակայն հավանականություն կա, որ «Յուվենտուսը» երկարաձգի պայմանագիրը Ռաբիոյի հետ։

«Նա հիանալի մարզիչ է, ով մեծ արդյունքների է հասել «Բոլոնիայի» հետ։ Մենք միասին հանդես ենք եկել ՊՍԺ-ում։ Տիագուն իր կարիերան ունի, ես՝ իմ։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ «Յուվենտուսը» ճիշտ ընտրություն կատարեց՝ հրավիրելով Տիագու Մոտային»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռաբյոն «Յուվենտուսում» հանդես է գալիս 2019 թվականից և այդ ժամանակվանից թիմի հետ մեկ Սկուդետտոն է նվաճել, ինչպես նաև Իտալիայի երկու գավաթ։