Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ «Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պետք է թիմի խաղը կառուցի «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ֆիլիպ Ֆոդենի շուրջ:
«Ջուդ Բելինգհեմը հիանալի է, բայց երբ դու ունես այնպիսի խաղացող, ինչպիսին Ֆիլ Ֆոդենն է, դու պետք է նրա շուրջ կառուցես Անգլիան», – Ռունիի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն՝ վկայակոչելով Channel 4-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջում Ֆոդենը ճանաչվեց Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։ Նա մասնակցել է Պրեմիեր լիգայի 35 հանդիպման, որոնցում դարձել է 19 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 150 միլիոն եվրո։