Էդեն Ազար. «Ես ֆուտբոլ չեմ խաղացել բոլորին գոհացնելու համար»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էդեն Ազարը բացատրել է, թե ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին։

Ազարը ավարտել է կարիերան 2023 թվականին։ Նրա վերջին ակումբը եղել է Մադրիդի «Ռեալը»: Մինչ այս ֆուտբոլիստը հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Չելսին» և «Լիլը»:

«Ճիշտն ասած, քննադատությունն ինձ ընդհանրապես չի անհանգստացնում։ Դա ավելի շատ ցավ է պատճառում ձեզ շրջապատող մարդկանց: Երբ դու նույնիսկ հեռվից հայտնի ես, գիտես, որ քեզ քննադատելու են:

Մարդիկ իրավունք ունեն մտածելու այն, ինչ ուզում են։ Ես ֆուտբոլ չեմ խաղացել բոլորին գոհացնելու համար։ Ես գիտեի, որ ինձ կքննադատեն որոշ առումներով։ Հիմա էլ ինձ կքննադատեն ասածներիս համար։ Բայց դա ինձ չի խանգարում ասել այն, ինչ մտածում եմ»,- ասել է Ազարը Sudpresse-ին տված հարցազրույցում:

33-ամյա Ազարը Անգլիայի, Իսպանիայի կրկնակի չեմպիոն է և Ֆրանսիայի առաջնության հաղթող։ Նա Բելգիայի հավաքականի հետ դարձել է նաև Ռուսաստանում 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։