Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը։
«Չեմ կարծում, որ Մբապպեի տեղափոխությունը «Ռեալ» կվնասի Ռոդրիգոյին կամ Վինիսիուսին։ Ճնշումը դրված է Մբապպեի վրա, ով կմիանա այն թիմին, որն ամենայն հավանականությամբ կհաղթի Չեմպիոնների Լիգան, տիտղոս, որը նա դեռ չի նվաճել»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Մայիսի 10-ին Մբապպեն հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու որոշման մասին։ Դեռևս հայտնի չէ, թե նա որտեղ կշարունակի կարիերան, սակայն լրատվամիջոցները գրում են, որ հարձակվողը կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 25-ամյա Մբապպեն փարիզցիների կազմում անցկացրել է 48 հանդիպում, որոնցում խփել է 44 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։