L’Equipe. ՊՍԺ-ն համաձայնեցրել է Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագրի պայմանները

ՊՍԺ-ն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հետ, հայտնում է L’Equipe-ը։

Գործարքի մանրամասները չեն նշվում, սակայն խոսքը երկարաժամկետ պայմանագրի մասին է։

Տրանսֆերն ավարտին հասցնելու համար ՊՍԺ-ն պետք է համաձայնության գա «Նապոլիի» ղեկավարության հետ այն գումարի շուրջ, որը փարիզցիները կվճարեն 23-ամյա վրացու համար։ Ֆրանսիական ակումբը պատրաստ է խաղացողի համար վճարել 60 միլիոն եվրո, մինչդեռ նեապոլցիները ակնկալում են ստանալ առնվազն 100 միլիոն եվրո։ Հնարավոր է, որ ՊՍԺ-ն փորձի գործարքի մեջ ներառել իր թիմի խաղացողներից մեկին։

Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Կվարացխելիայի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։