Ալիսոնը Սաուդյան Արաբիայից շահավետ առաջարկ է ստացել

«Լիվերպուլի» 31-ամյա դարպասապահ Ալիսոն Բեքերը Սաուդյան Արաբիայից շահավետ առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի տեղեկություններով՝ անանուն ակումբը բրազիլացի դարպասապահին առաջարկել է եռամյա աշխատանքային պայմանագիր։ Այս ակումբը ցանկանում է, որ Ալիսոնը դառնա իր խաղացողը գալիք ամառ։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ալիսոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որից 11-ում խաղացել է զրոյի: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 28 միլիոն եվրո:

Ալիսոնը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։